ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Մերձավոր Արեւելքում հերթական շրջագայությունն է սկսել, որի նպատակը իսրայելցիներին եւ պաղեստինցիներին կրկին խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է: Նա արդեն հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Սա Քերրիի՝ ԱՄՆ-ի պետքարտուղար դառնալուց ի վեր արդեն հինգերորդ այցն է տարածաշրջան։ Նա Նեթանյահուի հետ ընթրել է Երուսաղեմի հյուրանոցներից մեկում: Հանդիպումն անցել է առանց լրագրողների համար հայտարարությունների, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սպասվում է, որ հունիսի 28-ին Քերրին Հորդանանի մայրաքաղաք Ամանում բանակցություններ կվարի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որից հետո, հնարավոր է, նորից Իսրայել վերադառնա:
ԱՄՆ-ի պետքարտուղարի առաքելությունն է մերձեցնել կողմերի դիրքորոշումներն այնքան, որպեսզի նրանք կարողանան վերականգնել 2010թ. ընդհատված հիմնախնդրի վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները: Պաղեստինցիները հրաժարվում են երկխոսություն սկսել` առանց Իսրայելի կողմից բնակեցման գործընթացը դադարեցնելու եւ 1949-67թթ. սահմանները ճանաչելու:
Իսրայելը պատրաստ է խաղաղ բանակցությունների վերսկսմանը, սակայն մերժում է ցանկացած նախապայման:





























