ԱՄՆ-ի Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի  նախկին տեղակալ, 63-ամյա գեներալ Ջեյմս Քարթրայթը գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ է կասկածվում:

NBC-ն հայտնում է, որ նա կարող էր խառը լինել Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կիբերհարձակման մասին գաղտնի տեղեկատվության բացահայտման գործին:

Խոսքը Stuxnet վիրուսի մասին է, որը 2010թ.  ներդրվել էր Իրանի միջուկային կայանների համակարգիչներում` շարքից հանելով ուրանի հարստացման համար կիրառվող ցենտրիֆուգները, հայտնում է lenta.ru-ն:  Վիրուսի ստեղծումը վերագրվում է ամերիկացիներին եւ Իսրայելի հատուկ ծառայություններին: 

Մեկ տարի առաջ The New York Times-ը հայտնել էր «Օլիմպիադա»  անվամբ գործողության մասին, որն սկսվել էր Ջորջ Բուշ Կրտսերի օրոք եւ շարունակվել ներկայիս նախագահ Բարաք Օբամայի օրոք:  Հաղորդվել էր գործողության մանրամասների մասին, այդ թվում նաեւ Իսրայելի հետախուզության հետ ամերիկացիների համագործակցության մասին, գրում է «Ռոսբալտը»:

Ջեյմս Քարթրայթը 2007-2011թթ.  եղել է ԱՄՆ-ի Միացյալ հանձնաժողովի շտաբերի ղեկավարի տեղակալը` ԱՄՆ-ի զինված ուժերում երկրորդ մարդը:

Տեղեկատվության արտահոսքի մասին լուրը հաղորդվել էր Էդվարդ Սնոուդենի հետ կապված սկանդալին զուգահեռ: