Բրազիլիայում չեն դադարում բողոքի ցույցերը. հունիսի 27-ին ցույցեր են անցկացվել Բրազիլիայի մի շարք խոշոր քաղաքներում` Սան Պաուլուում, Ռիո դը Ժանեյրոյում, Ֆլորիանոպոլիսում: «Ամենաթեժ իրադարձությունները» զարգացել են Ֆորտալեզայում` «Կաստելան» մարզադաշտի մատույցներում, որտեղ ընթանում էր ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակչի Իսպանիա-Իտալիա հանդիպումը:
Ցույցին մասնակցել է հինգ հազար մարդ: Իրավիճակը սրվել է, երբ ծայրահեղական երիտասարդների մի խումբ հաղթահարել է ոստիկանական առաջին պատնեշը, սակայն նրանց կանգնեցրել է հատուկ նշանակության ջոկատը: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, կան վիրավորներ:
Վանդալներն այրել են տեղի հեռուստաալիքի լրագրողների մեքենան: Ոստիկանությունը ձերբակալել է խռովությունների 80 մասնակցի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հասարակական տրանսպորտի աշխատանքի բարելավման, առողջապահության եւ կրթության ծախսերն ավելացնելու, կաշառակերությանը վերջ տալու պահանջով ցույցերին մասնակցել է հինգ հազար մարդ:
Երկու շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է հինգ մարդ: Իշխանություններն ընդգծում են, որ այդ մարդկանց զոհվելը ուղղակիորեն կապված չի եղել իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունների հետ:



























