ԱՄՆ-ի Սենատը ձայների 68 «կողմ» եւ 32 «դեմ» հարաբերակցությամբ հավանություն է տվել իմիգրացիոն բարեփոխումների մասին օրինագծին։
Աֆրիկայում շրջագայող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է սենատի գործողությունները: Սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում իմիգրացիոն բարեփոխումների ճակատագիրն անորոշ է մնում:
Սենատի ընդունած փաստաթուղթը նախատեսում է ներկայումս երկրում գտնվող մոտավորապես 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների համար ապագայում ԱՄՆ-ի քաղաքացիություն տրամադրել: Ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը, որի տնօրինման տակ է Կոնգրեսի ստորին պալատը, չի աջակցում ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալների բնակության օրինակնացման գաղափարը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սենատի հավանությունն ստացած օրինագիծը ենթադրում է նաեւ ԱՄՆ-ում սահմանին հսկողության զգալի խստացման դրույթներ, հիմնականում` Մեքսիկայի սահմանին: Օրինագիծն ընդլայնում է նաեւ մուտքի վիզաների ամենամյա քվոտան, որն ԱՄՆ-ում աշխատելու իրավունք է ընձեռում ինչպես բարձրակարգ մասնագետներին, այնպես էլ այլ աշխատողներին:
Վերջապես, օրինագիծը, որի իրականացման համար կպահանջվի 50 միլիարդ դոլար, կասեցնում է ամերիկյան իմիգրացիոն վիզաների ամենամյա վիճակախաղի անցկացումը:





























