WikiLeaks-ի աշխատակից Սիգուրդուր Թորդարսոնը կրկնակի գործակալ է եղել եւ ՀԴԲ-ին տեղեկացրել է կազմակերպության գործունեության մասին: Այս մասին խոսվում է հոդվածում, որը WikiLeaks-ը վկայակոչել է իր Twitter-ում:

Խոսքն այն մասին, որ «բացահայտիչ-կայքում» աշխատելու ընթացքում, Թորդարսոնն ինքը կոմպրոմատ է հավաքել` աշխատակիցների խոսակցությունների գրառումներ եւ փաստաթղթեր, որոնք այժմ ՀԴԲ ձեռքում են:

2010-2011թթ 18-ամյա իսլանդացին գրեթե Ասսանժի աջ ձեռքն էր եւ կազմակերպությունում պատասխանատու էր աղբյուրների եւ մամուլի հետ կապերի համար: WikiLeaks-ի հիմնադիրը շատ էր վստահում Թորդարսոնին, փոխանցում է ՆՏՎ-ն:

Ինչպես հաղորդվում է, նա ՀԴԲ-ին է վաճառել 9 կոշտ սկավառակներ` 5 հազար դոլարի դիմաց: Արդյունքում հատուկ ծառայությունները դադարել են օգտվել նրա ծառայություններից:

Շուտով WikiLeaks-ը Twitter-ում հերքեց, որ իրենց շարքերում ժամանակին լրտես է եղել: Կազմակերպությունը հայտարարել է, որ Թորդարսոնը երբեք չի աշխատել կայքի հետ եւ նյութերի ու աղբյուրների հետ երբեք առնչություն չի ունեցել: