Թայլանդի հարավում գտնվող Սոնգկհլա նահանգում ուրբաթ օրը պայթյուն է որոտացել. զոհվել է երկու մարդ, յոթը վիրավորվել են, հայտնել են տեղի ոստիկանությունից: 

Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան` տեղի ձեռնարկություններից մեկի մոտ: Պայթեցվել է շենքի մոտ կայանած ականապատ մի մոտոցիկլետ, հաղորդում են էլեկտրոնային լրատվամիջոցները: 

Իրավապահների կարծիքով՝ պայթյունը կազմակերպել են հարավային նահանգներում գործող  անջատականները, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի գիշերը պայթուցիկ սարք էր գործարկվել Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի շուկայում, տուժել էր յոթ մարդ: Ոստիկանությունից հայտնել էին, որ պայթուցիկը թաքցված է եղել քաղաքի բնակելի թաղամասում գտնվող աղբարկղում:

Հավելենք, որ երկրի մահմեդականներով բնակեցված հարավային երեք նահանգներում 10 տարի առաջ զինված ապստամբություն էին սկսել տեղի անջատականները: Այդ ժամանակահատվածում զոհվել է  հինգուկես հազար մարդ: Այս տարվա մարտին եւ ապրիլին տեղի է ունեցել Թայլանդի կառավարության եւ անջատականների ներկայացուցիչների միջեւ բանակցությունների առաջին փուլը: