ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Քիտ Ալեքսանդրն արդեն մեկնաբանել է  լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ ԿՀՎ-ն 2001թ.-ից  հետեւել է քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությանը` Սպիտակ տան համաձայնությամբ:  Ըստ նրա` հատուկ ծառայության հավաքած ամբողջ տեղեկատվությունն արդեն ոչնչացվել է:

«Մենք փակել ենք ծրագիրը: Այդ ժամանակ էլ ոչնչացվել են բոլոր տվյալները», - հայտնել է Ալեքսանդրը: Նա նշել է, որ ծրագիրը չի համապատասխանել գերատեսչության  պահանջներին, այն բավական չէր ահաբեկիչներին կանգնեցնելու համար, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով  ABC News հեռուստաալիքը:

Ալեքսանդրը ելույթ է ունեցել Բալտիմորում` կիբերանվտանգության հարցերով կոնֆերանսի մասնակիցների առաջ: ԱԱԳ-ի պետն արձագանքել է  բրիտանական Guardian-ում հրապարկված տեղեկատվությանը, որում հաղորդվում էր, որ 2001թ. սկսած ԱՄՆ-ի քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությանը հետեւելու գաղտնի ծրագիրը շարունակվել է նաեւ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի օրոք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԿՀՎ-ն հետեւում է ամբողջ աշխարհի քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությանը: Ընդ որում, ամերիկյան հատուկ ծառայությունները դա արել էին Բարաք Օբամայի  աշխատակազմի հավանությամբ: Այդ մասին են վկայում ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերը: