Հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարության վրա, որտեղ նրանք հակամարտող կողմերին կոչ էին արել լուծում գտնել բանակցային գործընթացի արդեն հայտնի ձեւաչափում եւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ես նույնպես կոչ եմ անում հավատարիմ մնալ գոյություն ունեցող բանակցային  ձեւաչափին: Այս մասին այսօր` հունիսի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները ԵԽԽՎ ձեւաչափ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը:

Ըստ նրա` Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումները ԵԽԽՎ շրջանակում իրավիճակը չեն փոխում, եւ կողմերը պետք է փորձեն  ղարաբաղյան հարցի լուծումը գտնել խաղաղ ճանապարհով` բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում` Հելսինկիյան եւ Մադրիդյան սկզբունքներին համապատասխան:  «Ես կողմերին կոչ եմ անում այդ ուղուն հետեւել: Այդ ուղին այլընտրանք չունի»: