Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու արած հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը պետք է ընտրություն կատարի երկու տնտեսական միությունների միջեւ, չի արտահայտում Եվրամիության պաշտոնական տեսակետը: Այս մասին այսօր` հունիսի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է  քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Ըստ նրա` լեհ պաշտոնյաների կողմից հնչած գնահատականները Եվրամիության պաշտոնական տեսակետը չեն, այլ՝ Լեհաստանի, որն այն բազմիցս արտահայտել է`  կապված Ռուսաստանում կատարվող գործընթացների հետ: «Հիմնական խնդիրը կապված է միջազգային տնտեսական հարաբերությունների հետ, խոսքն այն մասին է, որ որեւէ մաքսային միությանն անդամակցելը սահմանափակում է պետության արտաքին տնտեսական քաղաքականությունը», - նշել է Նարեկ Գալստյանն՝ ընդգծելով, որ ԵՄ-ն հասել է տնտեսական  ինտեգրման բարձր աստիճանի, որի ամենացածր մակարդակն է ազատ առեւտրի գոտին ` «այն, ինչ մենք փորձում ենք ստեղծել ԵՄ-ի հետ»: 

Քաղաքագետը նշել է, որ ազատ առեւտրի գոտին, ի տարբերություն Մաքսային միության, չի սահմանափակում կողմերի հնարավորությունները  երրորդ երկրների  ապրանքաշրջանառության հարցում: «Հայաստանը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դառնալու մտադրություն չունի: Իրականում մենք այս կամ այն տնտեսական միություն մտնելու  ոչ մի այլընտրանք չունենք, խոսքը միայն ազատ առեւտրի գոտիներ ստեղծելու մասին է», - ասել է Նարեկ Գալստյանը՝ հավելելով, որ ցանկացած պետություն կարող է ունենալ անսահմանափակ քանակությամբ  նման գոտիներ: 

Նշենք, որ  Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների պաշտոնական հանդիպումից հետո Վարշավայում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել էր, որ անհնար է միաժամանակ գտնվել երկու տնտեսական գոտիներում, եւ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի Ազատ առեւտրի գոտու եւ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Մաքսային միության միջեւ: