Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները:

Առաջին հարցով կառավարությանն առաջարկվել է ընդունել որոշում, որով կսահմանվի կազմակերպություններին արդյունաբերական յուղերի ակցիզի հետվերադարձման կարգը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե տեղեկացվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն համապատասխան նախագիծն արդեն իսկ մշակել եւ ներկայացրել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նախագիծը բերել վերջնական տեսքի եւ ներկայացնել գործադիրի հաստատմանը:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայի բարձրացրած խնդրին: Վերջիններս խնդրանքով դիմել են կառավարությանը, որպեսզի ոլորտում պատրաստի արտադրանքի հարկման բազան որոշելու ընթացքում այսուհետ հաշվի չառնվի հումքի (ոսկի, արծաթ, ադամանդ) գինը: Զեկուցվել է, որ հարցը քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությունում եւ դեռեւս գտնվում է շրջանառության մեջ:

Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ վարչապետը եւ հանդիպմանը ներկա կառավարության անդամները հավանություն են տվել տեղական արտադրողների եւ մեծածախ առեւտուր իրականացնող կազմակերպությունների առաքող ավտոմեքենաներում քանակա-գումարային ինֆորմացիայով ՀԴՄ-ների տեղադրման առաջարկին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է այդ հարցում: Ակնկալվում է, որ նշված ՀԴՄ-ների տեղադրումը հնարավորություն կտա ընկերություններին հիմնավորել իրացման ծավալները, ներկայացնել իրացվող ապրանքների գներն ու քանակը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամները հանդես են եկել «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու առաջարկություններով: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ ուսումնասիրել առաջարկներն ու ներկայացնել համապատասխան եզրակացություն:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ թեթեւ արդյունաբերությանը եւ տեղական արտադրության ոլորտում էներգախնայող համակարգերի ներդրման հնարավորությանն առնչվող հարցերի: