Դադարեցվել է մրցակցությունը ոստիկանության եւ դատախազության միջեւ, քանի որ մրցակցության մեջ ագրեսիա կար: Այս մասին այսօր` հունիսի 28-ին, ՀՀ դատախազության օրվան նվիրված միջոցառմանն ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հաղորդում է Aravot.am-ը:
«Եթե մեր նման մարդիկ քրտնում են, ուրեմն դատախազությունն ամուր հիմքերում է»,- նշեց նա: Ոստիկանապետի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պարգեւատրվեց «Սխրագործության համար» մեդալով:
Միջոցառմանը ներկա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ դատախազությունն ունի խնդիրներ, առանձնահատկությունն այն է, որ մենք խոսում ենք այդ խնդիրների մասին: «Միեւնույն ժամանակ դա չի նշանակում, եթե մենք չպետք է տեսնենք այն դրական դինամիկան, որը կա դատախազությունում: Միեւնույն ժամանակ, երբ խոսում ենք մեր բացթողումների մասին, դա չի նշանակում, թե ոմանք պետք է ցեխ լցնեն ամբողջ համակարգի վրա: Մենք վկան ենք քաղաքացիական հասարակության: Ազատությունը ենթադրում է պատասխանատվություն: Դրա բանալին պրոֆեսիոնալիզմի բարձրացման հետ է կապված»,-ասաց ՀՀ վարչապետը ՀՀ դատախազության 95-ամյակի հետ կապված միջոցառման ժամանակ: Վարչապետը խոստացավ դատախազներին՝ սոցիալական հարցերին լուծում տալ, մասնավորապես, աշխատավարձերի հետ կապված: Դատախազության օրվա եւ 95-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին ԼՂՀ դատախազը, ՀՀ զինդատախազը, վարչապետի շնորհակալագրերով պարգեւատրվեցին դատախազության դպրոցի տնօրենը, շնորհակալագրերով՝ Արմավիրի մարզի դատախազը, Տավուշի մարզի դատախազը: Դատախազության հոբելյանական հուշամեդալով պարգեւատրվեց ՀՀ վարչապետը:
Իսկ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը իր շնորհավորական խոսքում ասաց.«Դատախազությունը իր հետեւից տանելով բոլոր իրավապահ մարմիններին, ձեւավորել է միասին աշխատելու գործելաոճ»: Նա ասաց, որ դատախազի նախկինը չի լինում, հետեւաբար, այս տոնը նաեւ իր տոնն է: «Օդի մեջ արդարադատության մեծարման խնդիր կա: Մենք մրցակցություն չունենք, մենք պայքար ունենք ավելի լավ հայրենիք ունենալու համար: Չկա մի երկիր, որն առանց արդարության լինի: Մենք ժամացույց ենք տալիս, որ հետ չընկնենք: Մենք առաջ ընկնելու պարտականություն ունենք»,-ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:





























