Գազի կալորիականությունը ստուգող էժան սարքեր դեռ չկան, ինչը խանգարում  է դրանք տեղադրել յուրաքանչյուր հաշվիչի վրա: Ջերմաստիճանն ու ճնշումը հնարավոր է չափել կարգավորիչի միջոցով, սակայն կալորիականության առումով խնդիրն ավելի դժվար է: Ավելի վաղ անդրադարձել էինք ջերմոցների սեփականատերերի բողոքին, ովքեր 2012-13 ձմռանն ստիպված էին վճարել  10%-ով ավելի, թեեւ բոլոր գործոնները նույն  էին մնացել:

Իսկ կալորիականության մասին հնարավոր է իմանալ պարզ եւ բարդ միջոցներով: Պարզը ամեն ինչում «Հայռուսգազարդի» տվյալներին հավատալն է, բարդը` փորձաքննությանը դիմելը: Կարելի է նույն «Հայռուսգազարդին»  դիմել կամ Երեւանի ՋԷԿ-ին եւ Արարատի ցեմենտի գործարանին: Սակայն ովքեր փորձել են, ասում են, որ տվյալների միջեւ տարբերություն չկա: Այսինքն, բոլոր աղբյուրները նույն արդյունքն են արձանագրում: Սակայն թերահավատներին դա եւս չի համոզում, ովքեր նշում են, որ գազն այրվում է  կարմիր, ոչ թե կապույտ կրակով:

Եւ եթե ջերմաստիճանն ու ճնշումը կարգավորող սարքերի հաշվիչի վրա տեղադրելը դժվար չէ, ապա կալորիականությունն ստուգող սարքը` բավականին դժվար է: Քրոմատոգրաֆի արժեքը, որը կորոշի գազի կալորիականությունը, սկսվում է  10 հազար դոլարից:  Բնականաբար, յուրաքանչյուր հաշվիչի վրա դա հնարավոր չէ տեղադրել:

Ուկրաինայում այլ լուծում է գտնվել: Մասնավոր մի շարք ընկերություններ կալորիականություն հեռահար չափման ծառայություն են առաջարկում: Մասնավորապես, հաշվիչին միանում է GPRS-մոդուլ,  որը գազի պարամետրերն ուղարկում է ազգային ստանդարտների մարմնի կողմից հավաստագրված ընկերություններին: Այդ ընկերություններից մեկը` «Էկլտեկը» ղեկավարվում է հայի կողմից:

Հայկական ընկերությունները, որոնք չափող սարքեր են արտադրում, ժամանակին փորձում էին նույնատիպ համակարգ առաջարկել ռուսաստանյան շուկայի համար:  Գաղափարների մակարդակով խոսվում էր նաեւ հայկական շուկայի մասին: Թե ինչու այդ առաջարկությունները չընդունվեցին ոչ այստեղ, ոչ այնտեղ, խորհելու տեղիք է տալիս:

Արամ Գարեգինյան