Պաշտոնական տվյալով՝ հունիսի 28-ին Ջավախքում հայ երիտասարդների միջեւ ծագած կռվի ընթացքում ոչ թե 30, այլ 17 մարդ է  ձերբակալվել, այդ թվում՝ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը, որը կռվին ներկա չի գտնվել. Վերջինիս ձերբակալել են դեպքի վայր ժամանելուն պես։

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը՝ նշելով, որ Չախալյանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել։

Ստեփանյանի խոսքով՝ ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալված 17 անձանցից 13-ը վերադարձել են Ախալքալակ։ Մնացած չորս ձերբակալվածներից, որոնց մեջ է նաեւ Արմեն Չախալյանը, միայն մեկին են ազատել։

Ձերբակալված են մնում Չախալյանն ու նրա երկու ընկերները, որոնք ընդհանրապես չեն մասնակցել կռվին. «Չախալյանի փաստաբանի հարցին, թե ինչու են հատկապես Արմենին ձերբակալել, իրավապահները պատասխանել են, որ մութ էր, եւ իրենք ձերբակալել են ձեռքի տակ ընկածներին»,- պատմել է Ստեփանյանը։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 28-ի երեկոյան հայ երիտասարդների միջեւ կենցաղային հողի վրա կռիվ է ծագել. հարաբերություններ են պարզել 150-160 հայեր, այդ թվում՝ անչափահասներ։

«Տղաները զանգահարել են Արմեն Չախալյանին, որը հեղինակություն է վայելում Նինոծմինդայի եւ Ախալքալաքի հայ երիտասարդների շրջանում, եւ խնդրել, որպեսզի գա եւ հաշտեցնի վիճողներին։ Արմեն Չախալյանն այդ ժամանակ ընկերների հետ նրանցից մեկի տարեդարձն է տոնելիս եղել։ Երբ նա ժամանել է, ոչինչ չի կարողացել անել, քանի որ արդեն դեպքի վայր էին հասել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։

Չախալյանը 30 ընկերների հետ միասին ձերբակալվել եւ տեղափոխվել է Ախալցխա»,- նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ Չախալյանի փաստաբանը մեկնել է Ախալցխա։»,- նշել էր Ստեփանյանը։