Թուրքիայում Ստամբուլի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Յուսուֆ Զահիթ Փոլաթին՝ ազգությամբ հայ Լեւոն եւ Արթուն Բալըջօղլուներին վիրավորանք հասցնելու համար, հայտնում է Sabah-ը։

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Ստամբուլի գլխավոր դատախազությունն ընդունել է հայերին «գյավուր» (անհավատ) անվանած թուրքերի դեմ բողոքը։

Թուրքիայի բնակիչ Լեւոն Բալըջօղլուն եւ նրա որդի Արթունը մասնավոր դպրոցի ճաշարանի աշխատանքը կազմակերպելու պայմանագիր էին ստորագրել Ֆիլիզ Ույարի հետ։

Այս տարվա ապրիլի 21-ին Ֆիլիզ Ույարի գործընկեր Յուսուֆ Փոլաթը դրսից հաճախորդներ բերելու ցանկություն էր հայտնել, սակայն հայր ու որդի ընդդիմացել էին՝ նշելով, որ դա հակասում է ճաշարանի կանոններին: Այդ կապակցությամբ հայրն ու որդին վարձել էին Քեմալ Բաթուին, որպեսզի վերջինս արգելի կողմնակի անձանց մուտքը տարածք:  Իմանալով այդ մասին՝ Յուսուֆ Փոլաթը Քեմալին ասել էր. «Մի՛ դարձիր նրանց ստրուկը, նրանք հայ «գյավուրներ են»: Հայեր, սա մեր երկիրն է: Ես կսպանեմ ձեզ, կջարդեմ ձեր ոտքերը»: Չորս օր անց սպառնալիքները կրկնվել էին, այս անգամ սպառնացել էր նրա եղբայր Մեհմեդ Զահիթ Փոլաթը:  «Եթե դուք մատով անգամ դիպչեք իմ եղբորը, կջարդեմ ձեր ոտքերը, այժմ մենք երեքով ենք եկել, սակայն եթե պետք լինի, 103 մարդ կբերենք»:

Յուսուֆ Փոլաթի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 125/1 եւ 216/2  հոդվածներով, իսկ Մեհմեդ Զահիթ Փոլաթի նկատմամբ՝ 106/1 հոդվածով (հրապարակային սպառնալիք եւ վիրավորանք՝ կրոնական մոտիվներով): Այս հոդվածներով վեց ամսից մինչեւ երկու տարվա ազատազրկում է նախատեսվում։