Արեւելյան Վրաստանի Սամտացկարո գյուղի բնակիչները խանգարել են մահմեդականների ուրբաթօրյա աղոթքը: Նրանք հավաքվել են Սուլիկո Խոզրեւանիձեի տան մոտ եւ շրջաններից ժամանած մահմեդականներին թույլ չեն տվել աղոթել: 

Տեղի բնակիչները ծեծել են մահմեդական խոջա Սուլիկո Խոզրեւանիձեի կնոջը: Նրանք վրացի մահմեդականից պահանջում են լքել գյուղը եւ այն «մահմեդականների հավաքատեղի չդարձնել»:

Միայն ոստիկանության միջամտությամբ է հաջողվել խուսափել մահմեդականների նկատմամբ հաշվեհարդարից: Պետք է նշել, որ գյուղում կան ընդամենը երեք մահմեդականներ, սակայն ուրբաթ օրերին նրանց մոտ աղոթելու են գալիս շրջակա գյուղերի հավատակիցները:

Խոզրեւանիձեն լրագրողներին հայտնել է, որ ակնկալում է իշխանությունների աջակցությանը, քանի որ Սահմանադրությունը դավանանքի ազատություն է սահմանում, եւ ինքը մտադիր չէ լքել գյուղը: