Լոռիի մարզի ընդանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել օրերս Վանաձորում դասախոսին դանակահարած 29-ամյա Ակսել Մխիթարյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանը, նշելով, որ ինքը այսօր միջնորդություն է ներկայացրել նշված դատարան 29-ամյա երիտասարդի խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, ինչը եւ դատարանի կողմից բավարարվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հունիսի 26-ին, դանակահարություն էր տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղից դանակահարված վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել նույն ինստիտուտի դասախոս, 35-ամյա Վասիլի Գեւորգյանը: Վերջինիս ժամը 14-ի սահմաններում տեղափոխել էր Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նրա վիճակը գնահատվել էր ծանր:
Ոստիկանությունը պարզել էր, որ դանակահարությունը կատարել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը, ով մեղայականով ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին եւ ձերբակալվել:
Դեպքի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարները`Էդվարդ Արզումանյանի





























