«Ինչի՞ ես պետք է մարզպետին դիմեմ: Մարզպետը պետք է ինձ դիմի: Մարզպետը աշխատավարձով ապրող մարդ է, իսկ ես սեփականատեր, ու դիմել »է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը` անդրադառնալով «Ժողովուրդ» թերթում իր կողմից մարզպետին ուղղված այն մեղադրանքներին, թե նա միայն բաժակաճառեր է ասում ու անեկդոտներ պատմում:

Նա  հավաստիացրեց, որ մարզպետի հետ անձնական խնդիրներ չունի, պարզապես վիրավորվում է, երբ վիրավորում են անպաշտպան գյուղացիներին: «Ինչ է նշանակում ասել` «դրուժբեն» դրեք, ծառները կտրեք: Ես  ինքս գյուղից եմ, ամեն տարի հարյուրավոր ծառներ եմ տնկում եւ ուրախանում դրանցով ու գիտեմ դրա տանջանքը:  Նրա հետ շփում ունեցողներն են պատմել, որ նա հայտնի է  կենացներ ասելով  եւ անեկդոտներ պատմելով: Անձնական ոչինչ չունենք: Վերջին անգամ, երեւի, մոտ մի տարի առաջ ենք հանդիպել: Իմ համար շատ վիրավորական է, երբ անպաշտպան գյուղացիների հասցեին այդ կերպ են արտահայտվում»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:

Հարցին, թե եղել է դեպք, երբ մարզպետին, որեւէ հարցով դիմի, որ չընդառաջի, արձագանքեց.«Չէ ինչի՞ ես պետք է մարզպետին դիմեմ: Մարզպետը պետք է ինձ դիմի: Սեփականատերը ես եմ: Մարզպետը աշխատավարձով աշխատող մարդ ա, ինքը ասում է, որ բիզնես էլ չունի, ոչինչ չունի: Ինքը պետք է դիմի սեփականատիրոջը տարբեր խնդրանքներով: Իմ հարազատներից ոչ մեկը պետական պաշտոնյաներ չեն, ոչ մեկը չեն աշխատում, որ խնդրեմ մեկին գործից չհանեն»:  Բայց Հակոբյանն ասաց, որ  եղել են դեպքեր, երբ  մարզպետը դիմել է իրեն: «Արաքս գետը հունիսից դուրս էր եկել: Դիմեց եւ ես իմ տեխնիկաները ուղարկել եմ, Արաքս գետի հունը փակելու համար իմ տեխնիկաների միջոցով աշխատանքներ են տարվել»,- նշեց Հակոբ Հակոբյանը:

Իսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով իր հասցեին  գործարարի կողմից հնչեցված մեղադրանքներին, նշեց, որ ինքը ամեն մի հիմարության չի պատասխանում: Մարզպետը փոխանցեց, որ գործարարի հետ ծանոթներ եղել են, բայց վեճ, ընդհարում իրենց մեջ չի եղել: Հարցին, թե ինչը կարող էր նման հրապարակային արտահայտության պատճառ լինել, արձագանքեց.«Երեւի ինքը լավ գիտի: Իմիջը բարձրացնելու համար ամեն հիմար հայտարարության չեմ կարող արձագանքել»,- սահմանափակվեց մարզպետը: