Հունիսի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամ Օլեգ Պախոլկովին եւ նրան ուղեկցող անձանց՝  «Ռուսմեդիագրուպպ» հրատարակչական տան գլխավոր տնօրեն Սամվել Նալբանդյանին եւ քաղաքագետ, ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոսի օգնական Սենիկ Ավանեսյանին։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց այցի առթիվ։  «Հուսամ, դիմելով ռուսաստանցի խորհրդարանականին, այստեղ ձեր հանդիպումների ու շփումների ընթացքում դուք բավականին օգտակար տեղեկատվություն կքաղեք մեր ժողովրդի կյանքի մասին»,- ասել է նա։

Նշելով, որ ժամանել է մասնավոր այցով՝ ընկերների հրավերով, Մարտակերտի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով, Օլեգ Պախոլկովը հայտնեց, որ դա իր երկրորդ այցն է Լեռնային Ղարաբաղ։ «Առաջին անգամ այցելել եմ հինգ տարի առաջ՝ Մարտակերտի ազատագրման 15րդ տարեդարձի ժամանակ եւ, պետք է խոստովանեմ, ինձ դուր է եկել այստեղ՝ բնությունը, մարդիկ, ընդ որում՝ այս անգամ զգալի դրական տեղաշարժերի եմ ականատես»։

Զրույցի հիմնական թեման ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարներն էին։ Այդ համատեքստում  ռուսաստանցի  խորհրդարանականը համոզմունք հայտնեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ անիմաստ ու անհեռանկար է խնդրի ռազմական լուծմանն ուղղված ցանկացած քայլ։