Ներկայում աշխատանքներ են տարվում ԼՂՀ Հանրային ծառայությունները  եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնին միջազգային կառույցներում ներգրավելու համար: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Մասնավորապես՝ խոսքը գնում է ICN-ին (International competition network) անդամակցելու մասին: Անդամակցությունը թույլ կտա ԼՂՀ մրցակցային մարմնին՝ միջազգային կառույցում հանդես գալ  իր անունից:

Ներկայում ՏՄՊՊՀ-ն զգալի աշխատանքներ է տանում ԼՂՀ հանձնաժողովի կարողություններն ուժեղացնելու համար: Ա. Շաբոյանի ներկայացմամբ՝ նախորդ կիսամյակում օգնել են ամրապնդել տեղեկատվական բազան՝ համակարգիչներով հագեցրել են համակարգչային սենյակը, մուտք են ապահովել միջազգային տեղեկատվական բազաներ, ինչպես՝ Bloomberg, որի միջոցով կարելի է հետեւել միջազգային գների փոփոխություններին; Անկախ այդ աշխատանքներից՝ ԼՂՀ մրցակցային մարմնի աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստվելու տարբեր երկրների մրցակցության պաշտպանության մարմիններում, կիրականացվեն նաեւ ներքին վերապատրաստումներ:

Այս տարի ադրբեջանցիներին հաջողվել է կոտրել ԼՂՀ հանձնաժողովի կայքը: ՏՄՊՊՀ օգնությամբ ձեւավորվում է նոր ինտերնետային կայք՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Բացի այդ՝ ՏՄՊՊՀ կայքում ԼՂՀ մրցակցային մարմինը կունենա իր առանձին էջը:

ՏՄՊՊՀ-ն նաեւ մեթոդական օգնություն է ցուցաբերելու ԼՂՀ հանձնաժողովին: Ըստ Ա. Շաբոյանի՝ հատկապես ուշադրություն են դարձնում գնագոյացման մեթոդաբանությանը, այս կամ այն շուկան ուսումնասիրելու կամ վերահսկելու մեթոդաբանությանը: ԼՂՀ խանութներում իրականացվում են համատեղ մոնիթորինգներ, արդեն իսկ բացահայտվել են անբարեխիղճ մրցակցության դեպքեր (սպառողների մոլորեցում կամ շփոթեցում):

Ա. Շաբոյանը չբացառեց, որ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքը փոփոխության կենթարկվի ոչ միայն Հայաստանում, այլեւ ԼՂՀ-ում:

«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ներկայացրինք մեր կատարած աշխատանքները, ու հաջորդ կիսամյակի մեր պլանները; Նախագահը ողջունեց եւ բարձր գնահատեց մեր կողմից կատարված աշխատանքները, ընդգծեց, որ լավ համագործակցություն ենք սկսել եւ ամենակարեւորը՝  հետեւողական ենք մեր ծրագրերում»,- ասաց Ա. Շաբոյանը: