Շուտով Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության սակրավորների ջոկատը կստանա ականազերծման նոր սարքավորումներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԻՆ-ում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է, որ ամփոփվել են ֆրանսիացիների աջակցությամբ տեղադրված նոր սեյսմիկ կայանների աշխատանքի վերլուծության արդյունքները։ Աշնանը Ֆրանսիայի ատոմային եւ այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի հետ կնքվի պայմանագիր` կայանները հիմնական կետերում տեղադրելու եւ համագործակցություն շարունակելու համար։

Գործակալությունը նաեւ պայմանագիր է կնքել ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական կենտրոնի հետ` Գառնու դիտարանում համատեղ ուսումնասիրությունների, տվյալների փոխանակման եւ տեխնիկական աջակցության վերաբերյալ։

Նշվել է նաեւ, որ բոլոր մարզպետների տեսահեռախոսներն արդեն միացված են ԱԻՆ համակարգին, եւ որեւէ արտակարգ պատահարի դեպքում հնարավոր է առցանց խորհրդակցություններ անցկացնել։

Ընթացքի մեջ է հայ-շվեյցարական «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագիրը, որի շրջանակներում մարզերի բժշկական անձնակազմի համար աղետների բժշկության դասընթացներ են կազմակերպվում։ Անցած ամսվա ընթացքում Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում նույն թեմայով 5 վարժանք է անցկացվել։

Գյումրիի քաղաքապետարանի օժանդակությամբ կվերանորոգվեն տեղի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքների տանիքները, որի համար հատկացվել է 10 մլն դրամ։

Տեխնիկական աջակցություն է սպասվում նաեւ Ֆրանսիայից։ Շուտով ԱԻ նախարարությանը կտրամադրվեն մի քանի հրշեջ եւ փրկարարական մեքենաներ, ինչպես նաեւ այլ փրկարարական գույք։