Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքների արդյունքում հասարակության համար որեւէ բան չբարելավվեց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգությոն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։
Նա խորհրդարանի օգտակար գործողության գործակիցը գնահատեց զրո։ Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ուղղակի գալիս է փակելու այն գնաճը, որի ականատեսն ենք մենք ամեն օր, իսկ ազատամարտիկների վերաբերյալ օրենքն անգամ սոցիալական որեւէ հարց չի լուծում։
«Անհրաժեշտ է ցրել այս խորհրդարանը եւ կազմակերպել նոր ընտրություններ, որպեսզի այնտեղ ներգրավված լինեն այնպիսի անձինք, ովքեր կոռումպացված չեն եւ ներկայացնում են հասարակության շահերը»,- ասաց նա։





























