Իրաքը Սիրիայի հարցով չեզոք դիրքորոշում ունի, սակայն վերջին ժամանակներս գնալով ավելի շատ է մտահոգվում հարեւան երկրից իր տարածք ահաբեկիչների ներխուժման հավանականությունից, արաբական «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթին տրված հացազրույցում հայտնել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկիի գլխավորած «Հանուն իրավական պետության» դաշինքի առաջնորդներից Ադնան աս-Սիրաջը:
Նա նաեւ նշել է, որ Իրաքը սատարում է Ռուսաստանի՝ Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը: Ըստ նրա` Մոսկվան անառարկելի դեր ունի Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում:
Ադնան աս Սիրաջը հայտնել է, որ Իրաքում հիասթափված են ԱՄՆ-ի գործողություններից, որը սատարում է ընդդիմությանը: «Իրաքն արդեն տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ հավերժ չեզոք դիրքորոշում չի ունենալու», - ասել է իրաքցի քաղաքական գործիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ պաշտոնական Բաղդադը բազմիցս դեմ է արտահայտվել Սիրիայի հարցերին արտաքին միջամտությանը:





























