Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հուլիսի 1-ին ժամանում է Հայաստան: Նա մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 

«Նովոստի Գրուզիան», վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ այցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, երկրի Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի եւ ԱԻ  նախարար Արմեն Երիցյանի հետ:

Հանդիպմանը կողմերը կքննարկեն իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր: Զրույցը կվերաբերի նաեւ  վերջին ժամանակներս ներքին գործերի նախարարությունում  իրականացրած բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ նախատեսված այլ միջոցառումների:

Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան կավարտվի հուլիսի 2-ին: