Ջավախքում հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չկա: Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ի մամուլի ասուլիսում հայտնել է փորձագետ Հայկազուն Ալվրցյանը:
Ըստ նրա` Ջավախքն այն շրջանն է, որտեղ ցանկացած հարց կենցաղայինից եւ սոցիալականից կարող է վերաճել քաղաքականի: «Քաղաքական համատեքստը կախված է իշխանությունների մոտեցումից: Չեմ կարծում, որ հարցերը կարելի է դիտարկել այդ տեսանկյունից, ներկայումս մենք Ջավախքում ոչ մի խնդիր չունենք», - նշել է Հայկազուն Ալվրցյանը՝ ընդգծելով, որ ճիշտ կլինի սպասել վրացական կողմի գնահատականներին եւ հետո միայն սեփականը տալ:
Ալվրցյանը նաեւ հավելել է, որ Ջավախքում իրավիճակը դեռ երկար չի փոխվի: «Չեմ կարծում, որ արմատական փոփոխություններ լինեն: Ջավախքի զարգացման հեռանկարները պետք է կախված լինեն շրջանը համագործակցության գոտու վերածելու երկու պետությունների բարի կամքից», - եզրակացրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ հունիսի 28-ին Ջավախքի հայ երիտասարդության շրջանում ծագած կռվի ժամանակ կալանավորվել էին 17 մարդ: Ձերբակալվել էր նաեւ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























