Բարձրագույն կրթության բանագավառում պրակտիկայի  կազմակերպումը  շարունակում է մնալ որպես կրթական համակարգի «աքիլլեսյան գարշապարը»: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, մեկնարկած  «Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում»  խորագրով միջազգային  գիտաժողովի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը հույս է հայտնել, որ մանկավարժական կրթության բանգավառում պրակտիկայի նոր մոդելի մշակումն ու ներդրումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել մանկավարժական կադրերի որակը, ապա նկատեց նաև՝ Մանկավարժական համալսարանը վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն ցուցաբերում է միջազգայանցման և արդիականացման նախանձելի տեմպեր` ցույց տալով, որ Հայաստանի կրթական համակարգում բուհը կարողանում է արժանապատիվ և կարևոր գործընկեր լինել:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը անդրադառնալով գիտաժողովի թեմային՝ ընդգծեց, որ  մանկավարժական կրթության գործընթացում պրակտիկայի արդյունավետ եւ բովանդակային կազմակերպման լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա.

Միջազգային գիտաժողովի մասնակից Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գլուզմանը ներկայացրեց Ուկրաինայի բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների ուսանողների գործնական պատրաստության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մանկավարժական ծրագրերի, պրակտիկայի դրույթների համապատասխանեցումը կարևոր քայլ է մանկավարժական կադրեր պատրաստելու գործում միասնական լինելու համար:

Գիտաժողովի աշխատանքերը շարունակվեցին երկու մասնաճյուղերով՝ Մանկավարժական պրակտիկայի խնդիրները բուհական կրթության համակարգում և Տեսական և գործնական պատրաստվածության խնդիրները բարձրագույն մանկավարժական կրթության արդիականացման գործընթացում:

Գիտաժողովը կշարունակվի մինչեւ հուլիսի 5-ը: