Հայաստանի փորձը մեծ հետաքրքրություն է գտել միջազգային կրթական հանրույթի շրջանակում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Աշոտյանը ներկայացրել է այս տարվա հունվարին Լոնդոնում կայացած «Կրթության համաշխարհային ֆորումին» Հայաստանի պատվիրակության ներկայացրած զեկույցի` հանրակրթական դպրոցներում «Շախմատը» որպես պարտադիր առարկա ներդրման փորձի վերաբերյալ միջազգային արձագանքները:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել` մասնակցել հաջորդ տարի կայանալիք ամենամյա ֆորումին եւ որպես առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնած երկիր` ներկայացնել վերոնշյալ գործընթացի վերաբերյալ Հայաստանի տեսլականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ գիտության ոլոտում համագործակցության, Հայաստանում բիզնես կրթության ներդրման, ինչպես նաեւ անգլերեն լեզվի դասավանդման եւ թեստավորման հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին նախարարը պատրաստակամություն է հայտնել նախարարության ակտիվ մասնակցությունը բերել հոկտեմբերին նախատեսվող Բրիտանական խորհդի կողմից կազմակերպվող «ՏՏ տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում» համաժողովին:





























