Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հունիսի 17-ի թիվ 340-Ա հրամանով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում ներդրած գնահատելի ավանդի եւ երկարատեւ ու անբասիր աշխատանքի համար Հայկ Մելիքի Դարբինյանին հայտարարվել է շնորհակալություն ու պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Նախարարությունից հայտնեցին, որ ավելի քան 11 տարի նախարարի առաջին տեղակալ աշխատած Հայկ Դարբինյանն առողջապահական  համակարգում մեծ հեղինակություն է վայելում ոչ թե այն պատճառով, որ երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, այլ առաջին հերթին իր գործին նվիրվածության եւ մարդկային արժանիքների շնորհիվ։ «Դրա վկայությունը նրա ամենօրյա աշխատանքն է եղել, իսկ առավել ընդգծված` գործունեությունն արտակարգ պայմաններում։ Հայկ Դարբինյանի արդյունավետ աշխատանքը 1988-ի ավերիչ երկրաշարժից վնասվածքներ ստացածների, Արցախյան գոյամարտի տարներին վիրավորվածներին անհրաժեշտ բուժօգնության կազմակերպման, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում աշխատած տարիներին բարձր գնահատականի է արժանացել։ Հայաստանի Հանրապետության  նախագահի կողմից նա պարգեւատրվել է Մխիթար Հերացի մեդալով, արժանացել է բազմաթիվ այլ մեդալների ու շնորհակալագրերի։ Այսօր էլ Հայկ Դարբինյանն իր փորձն ու գիտելիքները պատրաստ է ծառայեցնել առողջապահության համակարգին»,-հայտնեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հունիսի 7-ի որոշմամբ` Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: Հայկ Դարբինյանը ծնվել է 1942թ., Վրաստանում: Նա նախարարի տեղակալ էր նշանակվել 2001-ից, իսկ 2002-ից` նախարարի առաջին տեղակալն էր: