Բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, ով «Եզդի Ճակո»-ի քույրն է: 

«Ինձ զանգել, ասում է՝ կնոջս ու տղուս էլ կբերես, բայց ոչ կին ունի, ոչ երեխա: Բժշկին ասել  է՝ 3 հատ մայր ունեմ: Այսօր առավոտվանից այդ գժանոցի դռնից մինչեւ իմ տուն եմ եկել, աչքերս տեսածիցս ու արցունքներից կուրացել են: Միայն ուզում եմ, որ իրական մեղավորների  մայրերը իմ օրը ընկնեն, անողներն էլ Քյարամոյիս օրը: Էլ բան չունեմ ասել»,- ավելացրեց տիկին Կարինեն: Նա նաեւ տեղեկացրեց, որ բանդայի գործով դատավարությունը  24 օրով հետաձգվել է, մինչեւ Քյարամ Ամոյանը ամբուլատոր բուժումը ավարտի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ  նրան հոգեբուժարան տեղափոխելու անհրաժեշտություն կա: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել է, ճնշումը կտրուկ բարձրացել է, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը պայթել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված է ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Կարինե Ամոյանը նշել էր նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի: «Ծաղկաձորում բուռանով (ամենագնացով) շրջվելուց հետո հազիվ կյանքը փրկեցինք: 2006-ի հուլիսին են գլուխը վիրահատել, ինչից հետո խորհուրդ են տվել մշտապես գտնել նյարդաբանի հսկողության տակ: Մինչ օրս ոտքի մեջ շշեր են դրված, իսկ նյարդային համակարգը խանգարվել էր: Երբ այդ ավազակային հարձակումներն սկսվեցին, տղաս Կրասնոդարում էր, իսկ վերադառնալուց հետո` հիվանդանոցում էր պառկած»,- պատմել էր Քյարամ Ամոյանի մայրը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել էր մի քանի ուղղություններով, ձերբակալվել էր 16 անձ, որոնցից 11-ին ազատ էին արձակել: