Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը ինքնակամ վայր է դրել Չուկոտկայի ինքնավար մարզի խորհրդարանի պատգամավորի եւ խոսնակի լիազորությունները:
«Այսօր Չուկոտկայի ինքնավար շրջանի Դումայի նիստի ընթացքում պատգամավորները ընդունել են Ռոման Աբրամովիչի հրաժարականը: Որպես Դումայի խոսնակ` պատգամավորներն ընտրել են Արամայիս Դալլաքյանին»,-ասվում է տարածաշրջանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ Աբրամովիչը հրաժարվել է Չուկոտկայի Դումայի խոսնակի պաշտոնից` արտասահմանում ունեցվածք ունենալու արգելքի պատճառով: Նա այդպես է վարվել` կապված ՌԴ դաշնային նոր օրենքի` ուժի մեջ մտնելու հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
12,1 մլրդ դոլար ունեցվածքով Աբրամովիչը Forbes-ի «Ռուսաստանի ամենահարուստ գործարարներ-2012» վարկանիշում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: 2003թ ի վեր նա «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:



























