Մոտ երկու ամիս է, ինչ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցված Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում պետական գումարները յուրացնելու դեպքի առնչությամբ: ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերի յուրացում)  եւ 315-րդ հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):

Նա տեղեկացրեց, որ Պոլիտեխնիկում պետական գույքը օտարելու դեպքի բացահայտման մասին ՀՔԾ-ում հաղորդում է ներկայացրել  ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությունը: Խոսքը 18 մլն 286 հազար 607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասին է: Միքայել Ահարոնյանը նշեց, որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, դեռեւս մեղադրյալներ չկան:

Փաստորեն, Պոլիտեխնիկում առանձնապես խոշոր չափերի «յուրացումներ են լինում», երկու ամիս է` քրեական գործ է հարուցված, իսկ ռեկտորը տեղյակ չէ դրանից: Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, թե չի կարծում, թե իրենց բուհում չարաշահումներ են եղել: Նա որեւէ աշխատակցի աշխատանքից չի ազատել, մինչեւ ապացույցներ չլինեն, ինքը այդ կարծիքին չէ: «Ես այդ կարծիքին չեմ, որ հափշտակումներ են եղել, իսկ մնացածը այն մարմինը, որը հայտարարություն է արել, պետք է ուսումնասիրի ամբողջ փաթեթը, ինչը ներկայացված է, եւ բազմիցս քննարկվել է եւ Կրթության եւ գիտության նախարարությունում, եւ Ֆինանսների նախարարությունում, մեկ անգամ էլ Կառավարությունում: Թող ուսումնասիրեն փաստաթղթերը, հետո երբ մեղադրանք կներկայացվի, հարցաքննության կկանչեն: Հայտարարություն է եղել, սպասենք թող ուսումնասիրեն, առանց քննության, ապացույցների պարոն Ավետիսյանը ոնց կարող է  համաձայնել կամ չհամաձայնել: Ես այդ կարծիքին չեմ, որ տեղի են ունեցել հափշտակումներ»,- ասաց Արա Ավետիսյանը:

Նա նշեց, որ ոչ իրավապահ մարմիններից, ոչ էլ Նախագահի վերահսկողական ծառայությունից որեւէ փաստաթուղթ չի ստացել, ոչ էլ նրանք ուսումնասիրություն են կատարել իրենց բուհում: Ռեկտորը նշեց, որ իրենց բուհում անցած տարվա վերջին եռամսյակում կատարվել է տարեկան ընթացիկ ուսումնասիրություններ Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ծառայության կողմից եւ որեւէ խնդիր չէր առաջացել: «Ով այդ հայտարարությունը արել է , իրենցից  ճշտեք, եթե ինչի հիման վրա են քրեական գործ հարուցել կամ պատրաստվում հարուցել:Հայտարարությունից հետո սպասում են, թե ինչ են ներկայացնելու իրենց: Եթե ես խախտում արած լինեի, կպատժվեի, եթե իմ աշխատողները լինեն, կներկայացվի համապատասխան մեղադրանք, որեւէ մեղադրանք, որեւէ թուղթ մենք չենք ստացել»,- ասաց ռեկտորը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը բացահայտել էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ոչ շարքային աշխատակիցները, «իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, վատնել են պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ 18 մլն 286 հազար 607 ՀՀ դրամ արժողությաmբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը»:

Ավելին, այս առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել: Սակայն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա  Ավետիսյանը չի հավատում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումներին:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է կատարվում Պոլիտեխնիկում, ռեկտորը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ: Ով որ այդ հայտարարությունը տվել է, նրանցից էլ այդ հավաստի աղբյուրներն ուզեք»: