Ադրբեջանի իրավապահ մարմինները սկսել են ստուգել «Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ» կուսակցության գործունեությունը: Հիշեցնենք, որ կուսակցությունը վերջերս առաջադրել է առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը նախագահի պաշտոնում: Կուսակցության ղեկավարները պնդում են, որ առաջին տիկնոջ թեկնածության առաջադրման հետ կապված սկանդալի հետքերը Մոսկվա են տանում:

Հունիսի կեսին կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդել էր Մեհրիբան Ալիեւայի` նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին: Ավելի ուշ «Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ» կուսակցության ներկայացուցիչները հերքել էին Ալիեւայի առաջադրման մասին տեղեկությունները: Կուսակցության նախագահ Ֆաթմա Ալիեւայի խոսքով` առաջին տիկնոջ թեկնածությունն  առաջադրել են մի խումբ մարդիկ, որոնք դուրս են մնացել կուսակցությունից: «Դա կուսակցությունից դուրս մնացած սադրիչների ձեռքի գործն է»:

Իր հերթին այն կազմակերպության ներկայացուցիչը, որը եւս ներկայանում որպես ԱԺԱԿ, եւ որը առաջադրել է Ալիեւայի թեկնածությունը, պնդում է, որ լեգիտիմ կառույց է հանդիսանում հենց իրենց կուսակցությունը:

«Իրավապահ մարմինների հատուկ ուշադրությունը գրավել է խմաբկցությունը, որը գլխավորում են Ալիսահիբ Հուսեյնովն ու Սեւդա Խուրշուդովան…Իրավապահ մարմինները չեն բացառում, որ այդ խմբակցոքթյան որոշ անդամներ ցուցումներ են ստացել ռուսական եւ իրանական տահուկ ծառայություններից»,-գրում է «Կավկազսկիյ ուզելի» բլոգերներից մեկը` վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունները:

Ինչպես հունիսի 27-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺԱԿ նախագահ Ֆաթմա Ալիեւան, առաջին տիկնոջ առաջադրումը նպատակ ուներ «Ադրբեջանում կայանալիք ընտրություններից առաջ խառնաշփոթ ստեղծելու»: Սեւդա Խուրշուդովան, հայտարարելով այդ թեկնածության առաջադրման մասին, նախապես հանդիպել է ադրբեջանցիների «ԱզերՌոս» ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սոյուն Սադիկովի հետ, հայտարարել է Ֆաթմա Ալիեւան: Նա հավելել է, որ բողոքել է միգրացիոն ծառայությանը, քանի որ Խուրշուդովան Վրաստանի քաղաքացի է, իսկ համաձայն «Կուսակցությունների մասին» օրենքի` օտարերկրացիներն Ադրբեջանում քաղաքական գործունեությամբ չեն կարող զբաղվել:

Իր հերթին Սեւդա Խուրշուդովան հերքում է իր ընդդիմախոսների հայտարարությունները: Նա ասել է, որ 1983թ ի վեր բնակվում է Ադրբեջանում եւ երկրի քաղաքացի է հանդիսանում, ինչպես որ իր ամուսինը, իսկ Սադիկովի հետ իրենք ծանոթներ են, հաղորդում է contact.az պարբերականը: