Ռուսաստանը հասկանում է, որ ստիպված է պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմա-տեխնիկական հավասարակշռությունը, եւ դա շատ պարզ կերպով է արվում` երկու երկրներին էլ զենք մատակարարելով: Այս մասին հուլիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Հասկանալի է, որ եթե Ռուսաստանը տարածաշրջանում ռազմա-տեխնիկական հավասարակշռություն չպահպանի, կարող են անցանկալի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք կստիպեն նրան որոշակիորեն ներգրավվել այդ իրադարձություններում, համենայն դեպս, գոնե քաղաքական որոշում կայացնել»,-նշել է Սերգեյ Մինասյանը, ընդգծելով, որ նմանատիպ յուրաքանչյուր որոշում իր քաղաքական արժեքն ունի:
Նա նաեւ հավելել է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների հավանականությունը, դժվար թե ինչ-որ առումով ավելացած լինի:




























