Երեւանի համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը։ Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանին եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի  առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին, ինչպես նաեւ սոցիալական տարբեր խմբերին։ Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաեւ հաշմանդամների համար։ Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաեւ հաշմանդամներին եւ բնակչության խոցելի խմբերին:

GOSPEL–ը  (Կառավարումը Սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց) Եվրոպական Միության CIUDAD (Քաղաքային զարգացման եւ երկխոսության համագործակցություն) ծրագիրրի մի մասն է, որի շրջանակներում համագործակցում են Հայաստանը (Երեւան), Թունիսը (Մահդիա), Գերմանիան (Համբուրգ), Խորվաթիան (Սպլիտ) եւ Նորվեգիան (Տրոնդհեյմ):  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից եւ գործընկեր քաղաքներում պարբերաբար կազմակերպվում են փորձի փոխանակման սեմինարներ: 

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Երեւանի քաղաքապետարանի հետ իրականացված համատեղ առաջին ծրագիրն է։