Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հերքում է հայրենի Դարակերտ գյուղում գյուղատնտեսական մեծ բազա կառուցելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մուրադ Մուրադյանն ասաց, որ մտքով էլ չի անցել գյուղատնտեսական բազա կառուցել: «Ես խաբար չեմ դրանից, իմ արեւ, առաջին անգամ եմ լսում: Հեն ա մեր բրիգադիրն էլ ա ասում, իրար հետ ենք դաշտերում, ասում ա` գրած ա տենց: Եթե էդքան գումար ունենայի, կյանքում դրա մեջ չէի դնի, ասեմ, որ հավատաս, իմ մտքով չի էլ անցել: Գրել էին, թե Մուրադյանը ՀԷԿ է կառուցում, որտե՞ղ եմ ՀԷԿ կառուցել, որ տեղն էլ չեմ իմանում: Գյուղատնտեսությունը շահավետ բիզնես չէ, ես կարամ բոլորին էլ ապացուցեմ»,- նշեց պատգամավորը:

Նա հերքեց նաեւ,թե իր մտերիմներից, հարազատներից որեւէ մեկն է որոշել նման նման բազա ստեղծել: «Իմ հարազատը ոնց կարող է տենց բան սարքի, ես չիմանամ, ամոթ էլ է տենց բան, կարող է ես ինձ դեբիլի տեղ դնեմ, որ հարազատս սարքի, ես ասեմ` տեղյակ չեմ, չգիտեմ: Եթե իմ հարազատը սարքի, ազնվորեն կասեմ, որ լավ ծրագիր է անում, որոշ մարդկանց հոգսն էլ կթեթեւանա: Էդ որ գրում են` բենզակայան ունեմ, ՀԷԿ ունեմ, սաղ սուտ ա, դրա մի տոկոսը ճիշտ լիներ, ջհաննամ, ոչ մի բան չունեմ, էս ա, էս, եթե մի բան գտնես, սաղ նվեր կտամ: Ես, բացի սրանից, ուրիշ ոչ մի բանով չեմ էլ զբաղվում, պոմիդոր, կարոտշկա, բիբար, բադրջան, վարունգ, լոլիկ, տենց բաներ»,- ասաց պատգամավորը:

Մուրադ Մուրադյանը հերքեց նաեւ, թե լարված հարաբերություններ ունի նախկին ՕԵԿ-ական Մհեր Բաղդասարյանի («Թույների Մհեր») հետ: «Եթե ինքը թույներ է ծխում, ես էլ ոչ մի բանի հետ կապ չունեմ, ինչի պետք է ինքը իմ հետ լարվածություն ունենա, ինչի պետք է իմ տարածքի բնակիչը, ով ինչ-որ գործունեություն է ծավալում, իր հետ հակասություն ունենամ, բարեկամական հարաբերությունների մեջ ենք, նման բան չկա»,- ասաց Մուրադ Մուրադյանը:

Ի դեպ, զրույցի պահին նա դաշտում աշխատում էր եւ բողոքում կյանքից, աշխատանքից: Մեր դիտարկմանը, թե եթե պատգամավորն է դժգոհ, հասարակ քաղաքացին ի՞նչ ասի, Մուրադ Մուրադյանը նկատեց. «Հասարակ մարդը հանգիստ իր համար ապրում է: Սաղ օրը չարչարվում եմ էս դաշտերում, արի մի հատ էս դաշտերում կես ժամ մնա»: Դիտարկմանը, թե ուրիշ գործով զբաղվեք, թեթեւ աշխատանք գտեք, նա հակադարձեց. «Ինչ գործ, մի հատ գործ տուր, էս ջերմոցները,դաշտը թարգեմ, մի հատ գործ տուր»:

Փաստորեն,նույնիսկ պատգամավորն է իր կաշվի վրա զգում երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատատեղերի բացակայությունը:

«Ինչ անեմ, ես էլ հիմա ժողովրդի հետ դաշտերն եմ, որ չգնամ, ասեն` ինքը լայաղ չի անում: Վերջին 10 տարում չգիտեմ, թե հանգիստը ինչ բան ա: Սովետից հետո չեմ իմանում հանգստանալն ինչ բան ա»,- ասաց Մուրադ Մուրադյանը` հավելելով, թե ընտանիքը եւս չի մեկնի հանգստի: Նա նաեւ նշեց, որ պատգամավորական աշխատավարձն  չի բավականեցնում, բայց ինքը ոչինչ չի կարող անել այդ ուղղությամբ. «Եթե ես չչարչարվեմ էս հողերով, բաներով, ինչով պիտի ապրեմ: Ես ինչ անեմ, որ չի բավականացնում, ինձնից ի՞նչ է կախված»,- ասաց օրենսդիր գործունեություն ծավալած Մուրադ Մուրադյանը

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե Մասիսից ընտրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հայրենի Դարակերտ գյուղում պատրաստվում է գյուղատնտեսական մեծ բազա կառուցել, որտեղ մեծածախ եւ մանրածախ վաճառքի կդրվի գյուղատնտեսական ցանկացած ապրանք՝ գյուղտեխնիկայից սկսած, վերջացրած թունաքիմիկատներով:

Ուշագրավ է, որ Մասիսի շրջանում թունաքիմիկատների մենաշնորհը նախկին ՕԵԿ-ական Մհեր Բաղդասարյանին՝ Թույների Մհերին է պատկանում, որի հետ Մուրադյանի տեւական լարված հարաբերությունները հարթվեցին նախագահական ընտրությունների շեմին, սակայն դրանք նորից փչանալու հեռանկար է նկատվում, քանի որ Մուրադյանը, ըստ ամենայնի, խլում է Բաղդասարյանի բիզնեսը, գրել էր թերթը: