Թահրիր հրապարակում արտասահմանցի կին լրագրողի հերթական բռնաբարությունն է տեղի ունեցել: Այս անգամ  զոհը Նիդեռլանդներից գնացած լրագրողն է եղել:

 «Հոլանդացի կին լրագրողին Թահրիրում բռնաբարել են  իրենց հեղափոխական անվանող անձինք: Նրա վիճակը ծանր է, գտնվում է հիվանդանոցում», - եգիպտական հեռուստաալիքներից մեկի բլոգում հայտնված տեղեկատվությունը մեջբերել է իսրայելական Ynetnews.com-ը: Տուժածի անունը չի  հաղորդվում:  

Հիվանդանոցից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Ըստ բժիշկների՝ տուժածը հինգ տղամարդու կողմից խմբակային բռնաբարության զոհ է դարձել: Հիվանդանոցում նրան վիրահատել են, այժմ դուրս է գրվել, հայտնում է NEWSru.com-ը:

Տեղեկությունն արդեն հաստատել են Կահիրեում Նիդեռլանդների դեսպանատանը: Դեսպանատանը ճշտել են, որ զոհ է դարձել 22-ամյա մի աղջիկ: Տեղի իշխանություններն իրենց հերթին քննություն են սկսել: Գործը Եգիպտոսի գլխավոր դատախազի վերահսկողության տակ է: