Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարդ է միջնորդել Բուդաղյան ընտանիքի հետ հաշտվելու համար։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով, Լիսկան դա անում է ընդհանուր ծանոթի միջոցով։

Մեր աղբյուրը հայտնում է, որ Խաչատրյանը դիմել է Բուդաղյան եղբայրներից կրտսերի՝ ՌԴ-ում բիզնեսով զբաղվող Արայիկի կոմպանիոններից մեկին, որպեսզի նա հարթի երկու կողմերի միջեւ ծագած խնդիրը։ Մյուս կողմից, զարգանում է Արտակ Բուդաղյանին զինված հարձակման մեջ մեղադրելու վարկածը։

Սրանց զուգահեռ, հիմքեր են նախապատրաստվում Լիսկայի որդու եւ թիկնապահի կողմից Ավո Բուդաղյանի սպանությունը պաշտոնապես որպես ինքնապաշտպանություն որակելու համար...

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեպքից հետո գրեթե չի լինում մարզում; Սյունեցիների շրջանում անգամ տեղեկություններ են պտտվում իր հարազատներին Գորիսից «էվակուացնելու» վերաբերյալ։ Խաչատրյանը շարունակում է ապրել մայրաքաղաքում։ Մեր աղբյուրները հայնում են, որ նա ամեն առավոտ մարզվում է Երեւանի «էլիտար»  մարզահամալիրներից մեկում՝ լողավազան է հաճախում։  Մարզահամալիրում «Սյունյաց որսորդն» անհանգիստ այս ու այն կողմ է նայում։ Երեւում է, որ մտավախություններ ունի։

Միեւնույն ժամանակ, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ գտնվում է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանը, այցելում եւ «պերդաչի» են տանում երիտասարդ ՀՀԿ-ականները։ Շրջանառվում է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի անունը...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):