«Ժամանակ» թերթը զրուցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հետ։ Հատված հարցազրույցից.
Այս օրերին կարծես թե սրվել է «Եվրասիական միությո՞ւն, թե՞ Ասոցացման համաձայնագիր» հարցը: ԱՄՆ-ն, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի եւ դրա շրջանակներում առաջիկայում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում կանգնած է Հայաստանի կողքին, ինչպե՞ս է գնահատում իրավիճակն այն դեպքում, երբ Ռուսաստանը տարբեր մեթոդներով ճնշումներ է գործադրում ՀՀ-ի վրա:
Հայաստանի՝ Եվրամիության ճանապարհով ընթանալը շատ կարեւոր է: Դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի արեւմտյան գործընկերների համար, կարեւոր է հենց իր՝ Հայաստանի համար: Մենք ԵՄ կազմում չենք, եւ ես ներքին տեղեկություն չունեմ, թե ինչպես են ընթանում զարգացումները, բայց որքան տեղյակ եմ՝ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակում բավականին լավ առաջընթաց կա: Ես գիտեմ, որ ԵՄ-ն ՀՀ-ի ամենախոշոր առեւտրային գործընկերներից մեկն է, եւ այդ ուղղությամբ զարգացումները կօգնեն, որ Հայաստանը կարողանա ներգրավել ավելի շատ ներդրումներ ոչ միայն ԵՄ երկրներից, այլեւ ԱՄՆ-ից ու այլ երկրներից: Իսկ ԱՄՆ-ի տեսանկյունից ես որեւէ խնդիր չեմ տեսնում ԵՄ-ի ու ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունների դեպքում: Դրանք միմյանց որեւէ կերպ չեն խոչընդոտում: Իսկ Եվրամիության ճանապարհով ընթանալը կարեւոր ճանապարհ է, եւ մենք կուզենայինք ՀՀ-ին տեսնել այդ ուղու վրա:
Բայց ՌԴ-ն լուրջ տնտեսական եւ քաղաքական ճնշումների է ենթարկում Հայաստանին: Ի՞նչ են անում կամ ի՞նչ են պատրաստ անել մեր արեւմտյան գործընկերներն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, որ մենք կարողանանք հնարավորինս նվազեցնել այդ ճնշումները եւ Ձեր նշած ճանապարհով ընթանալ:
Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը փոխակերպվի եւ ունենա տարբերակներ, հնարավորություններ, օրինակ՝ Թուրքիայի հետ սահմանի բացման միջոցով լրացուցիչ հնարավորություններ ունենա։ Եվ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը շարունակի հայացքն ուղղել դեպի Արեւմուտք: Ես ՌԴ-ի դեսպանը չեմ, ՌԴ-ի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել: Ուղղակի կարող եմ ասել, որ ՀՀ-ի հարաբերությունները ՌԴ-ի հետ որեւէ կերպ անհամադրելի չեն մեզ հետ համագործակցությանը: Եվ մենք շարունակելու ենք Հայաստանի հետ աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն չի հրաժարվել դրանից...»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























