Եգիպտացի զինվորականները նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ պաշտոնից հեռանալու պահանջը մերժելուն պատասխանել են Facebook-ում տեղադրված նախազգուշացմամբ։

Դրանում Եգիպտոսի ԶՈՒ գերագույն խորհուրդը հայտնել է, որ «պատրաստ է մեռնել՝ ժողովրդին ահաբեկիչներից, արմատականներից եւ հիմարներից պաշտպանելու համար», գրում է «Ռոսիյսկայա գազետան»։ Հայտարարության մեջ նշվում է, որ զինվորականները գերադասում են մեռնել, քան տեսնել, թե ինչպես են «ահաբեկում եգիպտացիներին», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Գործակալությունը, վկայակոչելով  «Ալ Ահրամ» կայքը, հայտնում է, որ  Եգիպտոսի բանակը եւ ՆԳՆ-ն հուլիսի 3-ի առավոտյան սկսել են խստացնել Կահիրեի կենտրոնի Թահրիր հրապարակի պաշտպանությունը` այնտեղ գտնվող ցուցարարների անվտանգության նպատակով:  Զինվորականները եւ ոստիկանները խմբված են հրապարակը շրջապատող բոլոր փողոցներում եւ կամուրջներին:

Ավելի վաղ Մուրսին տեղի հեռուստաալիքների ուղիղ եթերում հանդես էր եկել մի ճառով, որը դարձել էր զինվորականների եւ ընդդիմության վերջնագրի պատասխանը: Նա անկարգություններում մեղադրել էր նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին եւ հայտնել, որ օրինական ընտրված նախագահ է եւ  պաշտոնը լքելու մտադրություն չունի: 

Ի հերթին ընդդիմության առաջնորդը Մուրսիի խոսքերը համարել էր «քաղաքացիական պատերազմի հրահրում»:

Զինվորականների վերջնագրի ժամկետն ավարտվում է հուլիսի 3-ին: