Գյումրիի բակերում խաղացող փոքրահասակ աղջնակներից ականջօղեր հափշտակած 23-ամյա Անժելա Մ.-ն նմանատիպ այլ արարքներ էլ է կատարել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հուլիսի 2-ին Գյումրի քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց բակում 10-ամյա դստերն է մոտեցել մի անծանոթ աղջիկ, որի հետ եղել է նաեւ փոքր երեխա: Անծանոթուհին առաջարկել է պահմտոցի խաղալ, եւ այդ ընթացքում, երբ դուստրն աչքերը փակել է, աղջիկը հափշտակել է ականջօղերը` մոտ 60.000 դրամ արժողության:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է կողոպուտ կատարելու համար հունիսի 30-ին բերման ենթարկված Անժելա Մ.-ն:
Ականջօղերն առգրավված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 30-ին, ժամը 18.30-ին, 32-ամյա Ռաֆիկ Գ.-ն ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում դուստրը` 2005 թ. ծնված Կ.-ն, իրեն հայտնել է, որ բակում խաղալու ժամանակ մի անծանոթ աղջիկ իր ականջներից հանել է ոսկյա ականջօղերը եւ դիմել փախուստի:
Երեխայի նկարագրությամբ հայրը փնտրել է այդ կնոջը եւ Գյումրիի Պ. Սեւակի փողոցում, եկեղեցու մոտ, հայտնաբերելով նրան՝ վերցրել է հափշտակված ականջօղերը, որոնք եղել են 2 զույգ: Ոսկյա զարդերը վերցնելուց հետո այդ կինը դիմել է փախուստի: Ռաֆիկ Գ.-ն հայտարարել է նաեւ, որ տուն վերադառնալուց հետո պարզել է, որ վերցված 2 զույգ ականջօղերից մեկ զույգը պատկանում է իր դստերը, իսկ մյուսը հարեւանուհու թոռանը, որը իր դստեր հետ խաղացել է բակում:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է 1990 թ. ծնված Անժելա Մ.-ն, որը նույն օրը, ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել բաժին:
Հետաքննության ընթացքում Անժելա Մ.-ն խոստովանել է, որ Անի թաղամասի Ե. Չարենցի փողոցի թիվ 15 շենքի բակից բացահայտ հափշտակել է մեկ այլ երեխայի ականջօղերը:
Ոստիկանները բաժին են հրավիրել նաեւ նշված շենքի մի բնակչի, որը հաղորդում է տվել, որ հունիսի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, մի անծանոթ աղջիկ իրենց բակում բացահայտ հափշտակել է դստեր ոսկյա ականջօղերը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել` փորձելով իր ուժերով գտնել հանցագործին:





























