Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով տուժածներից միայն երկուսի վիճակն է ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արմենիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը։

Վթարի հետեւանքով «Արմենիա» բ/կ էր տեղափոխվել 7 հոգի, որոնցից միայն երկուսն են գտնվում Վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծանր է: Մյուս 4 տուժածները գտնվում են կամ նեյրովիրաբուժության կամ տրավմատոլոգիայի բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Վթարի հետեւանքով «Ապարանի» եւ «Ծաղկահովիտի» բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք արդեն դուրս են գրել եւ գնացել տուն: Հիվանդանոցներից մեզ հայտնեցին, որ լուրջ բան չկար, նրանց վիճակը նորմալ էր: «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի բաժանմունքում գտնվող 52-ամյա Սվետլանա Պապիկյանի վիճակը եւս բավարար է:

Իսկ «Սպիտակի» բժշկական կենտրոն տեղափոխվել էր վեց հոգի, որոնց երկուսի վիճակը լավ էր եւ երեկ դուրս են գրվել հիվանդանոցից: Հիվանդանոցի ղեկավարը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մյուս չորս տուժածների վիճակը բավարար է, նրանք ուղեղի ցնցում են տարել, պետք է բուժում ստանան, հավանաբար առաջիկա 10 օրերին դուրս կգրվեն հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ն: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Սպիտակ ավտոճանապարհի 66-րդ կմ-ում  բախվել են  «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի եւ «ԶԻԼ» մակնիշի 02 ՍՍ 091 համարանիշի ավտոմեքենաները: Նախնական տվյալներով կար 3 զոհ եւ 14 տուժած: