Վրաստանի տարածքային ամբողջականության հարցի լուծումը միայն Ռուսաստանից չի կախված, Վրաստանը պետք է գրավիչ լինի աբխազների եւ օսերի համար: Այս մասին հուլիսի 3-ին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

 «Ես էյֆորիայի մեջ չեմ այն հարցում, որ վաղը Վրաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, եւ դա միայն Ռուսաստանը կորոշի: Այն մեծ դեր ունի այս հարցում սակայն ոչ պակաս կարեւոր է ոչ միայն տարածքների, այլեւ մարդկանց մասին մտածելը: Մենք պետք է մեր եղբայրներին (աբխազներին եւ օսերին) համոզենք, որ մեզ հետ ապրելը հետաքրքիր է...», - նշել է Իվանիշվիլին: Նրա խոսքով՝ «աբխազներին եւ օսերին շահագրգռելու բանալին Վրաստանի տնտեսության զարգացումն է», հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Վրաստանի վարչապետը դրանք դրական է գնահատել: Որպես դրական քայլ նա նշել է վրացական ապրանքների՝ ռուսական շուկա վերադառնալը, վիզային ռեժիմի պարզեցումը եւ պարբերական ավիաչվերթների վերականգնումը: Ձախողումների թվում Իվանիշվիլին նշել է Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանին փշալարի անցկացումը:

Վրաստանի վարչապետը անդրադարձել է նաեւ վերջին դեպքերին՝ նշելով, որ հատկապես կարեւոր էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Վրաստան:

«Այցը մեկ անգամ եւս ընդգծում է, որ նոր կառավարությունը հստակ ցույց է տալիս ՆԱՏՕ-ի անդամներին, որ մենք չենք փոխում վրացի ժողովրդի ցանկությունը եւ շարունակում ենք եվրոատլանտյան տարածքին ինտեգրվելը», - Իվանիշվիլիի խոսքերն է մեջբերում «Ինտերպրեսնյուզը»: