Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր էներգիան դեռ 20 տարվա համար էլ կբավարարի, ընդգծելով, որ քաղաքականությունից հեռանալուց հետո մտադիր է վերահսկել երկրի քաղաքական գործընթացները, սակայն չի ղեկավարի դրանք:
Հունիսի վերջին Իվանիշվիլինի հայտարարել էր, որ երկրի կառավարությունն իր օգնության կարիքը չի զգա նախագահական ընտրություններից հետո, որոնք նախատեսված են հոկտեմբերի 31-ին, քանի որ այդ ժամանակ «լրիվ այլ իրադրություն կստեղծվի»: Ընդ որում, մեկ ամիս առաջ վարչապետն ասել էր, որ մտադիր է քաղաքականությունում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ դա պետք է հասարակությանը:
«Եկեք իմ` քաղաքականությունից հեռանալու շուրջ աժիոտաժ չստեղծենք… Իմ էներգիան կբավականացնի դեռեւս 20 տարվա համար, որպեսզի ակտիվ մնամ ինչպես քաղաքականությունում, այնպես էլ քաղաքացիական սեկտորում»,-հայտարարել է Իվանիշվիլին հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Եթե հեռանամ, ապա կհեռանամ եւ դրսից կվերահսկեմ քաղաքական գործընթացները, սակայն չեմ ղեկավարի դրանք»,-ասել է Իվանիշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Միեւնույն ժամանակ վարչապետը խոստացել է, որ նախապես կհաղորդի հասարակությանը եւ լրագրողներին իր հեռանալու մասին:





























