Ռուսաստանում բորբոքվում է նոր կոռուպցիոն-քաղաքական սկանդալ. Յարոսլավլի քաղաքապետ Եվգենի Ուրալշովը ձերբակալվել է հուլիսի 2-ի գիշերը` կաշառք պահանջելու մեղադրանքով:

Ինչպես պատմել է ձերբակալված քաղաքապետի մամուլի քարտուղարը, նրա ավտոմեքենան արգելափակել են, ինչից հետո նրան դուրս են հանել ավտոմեքենայից եւ առանց պետհամարանիշների ավտոմեքենայով տարել անհայտ ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Եվգենի Ուրլաշովը, նրա տեղակալ Դմիտրի Դոնսկովը եւ քաղաքապետարանի եւս երկու աշխատակիցներ կասկածվում են կաշառք պահանջելու մեջ:

Ավելի ուշ Ուրլաշովին տուն են բերել եւ խուզարկություն իրականացրել, ինչից հետո ինքը քաղաքապետը մեկնաբանել է իրավիճակը. «Ամբողջ տարի ինձ տարբեր գործեր են ուղարկում, ստիպում են ընդունել անորակ ճանապարհներ, եւ հիմա ես զարմացած չեմ, որ սա պատահել է»:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ խուզարկության ժամանակ Ուրլաշովի դուստրը փորձել է 500 հազար դոլար թաքցնել հարեւան տանը: Այս մասին իմացել է ոստիկանությունն ու հայտնաբերել գումարն ու յուրացրել: Բացի այդ, հարեւանի բնակարանում հայտնաբերվել է նաեւ 20 մլն ռուբլի, պնդում են ՆԳՆ-ում:

Հիշեցնենք, որ նախկինում «Միասնական Ռուսաստանի» անդամ, իսկ ավելի ուշ ընդդիմության կողմն անցած Ուրլաշովը պատրաստվում էր գլխավորել «Քաղաքացիական հարթակ» կուսակցության ցուցակը Յարոսլավլի երկրամասի դումայի ընտրություններում: Ընդ որում, նա հավելել է, որ մտադիր չէ անդամակցել գործարար Միխայիլ Պրոխորովի կուսակցությանը: