Ամառվա շոգը մարդու վրա ազդում է ուղղակի եւ անուղղակի, եւ հաճախ այն կարող է լուրջ հետեւանքներ ունենալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ շոգի ուղղակի ազդեցությունը այն է, երբ մարդն արեւի ուղիղ ճառագայթների ներքո է, եւ դրա հետեւանքով կտրուկ անոթները լայնանում են, արյան հոսքը ընթանում է գլխից դեպի ներքեւի օրգաններ, ինչի հետեւանքով կարող են թեթեւից մինչեւ ծանր հետեւանքներ։ Լիլիթ Ավետիսյանը կոչ է անում ամռանը չգտնվել արեւի ուղիղ ճառագայթների ներքո, կամ ունենալ հովանոց, գլխարկ։
Ըստ որում՝ հովանոցները պետք է լինեն այնպիսի գույնի, որ անդրադարձնեն արեւի ճառագայթները, այսինքն՝ նախընտրելի է կարմիր, կապույտ, սպիտակ հովանոցները, չի կարելի սեւը։ Իսկ գլխարկները պետք են լինեն փակ եւ լայնեզր։ Նա շեշտեց, որ պետք է աշխատել գտնվել ստվերոտ վայրերում, 12.30-17.00 ժամանակահատվածում խուսափել գտնվել դրսում։ «Խորհուրդ է տալիս այդ ժամանակ հանգստանալ, պառկած վիճակում լինել, որովհետեւ այդ ժամանակ օրգանիզմը սնուցվում է»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է շոգի անուղղակի ազդեցությանը, ապա դրանցից առաջինը հեղուկի կորուստն է, քանի որ ամռան շոգին շատ են քրտնում, կորցնում են հեղուկ։ Լիլիթ Ավետիսյանը խորհուրդ է տալիս օրական մինչեւ երեք լիտր ջուր խմել։ Շոգի անուղղակի մյուս ազդեցությունը կապված է վարակիչ հիվանդությունների հետ, որոնք ամռանը շատանում են, քանի որ հարուցիչների բազմացման համար լավ պայմաններ են ստեղծվում։ Նա կարեւորեց աղբահանության, տան մաքրության խնդիրները, քանի որ հակառակի դեպքում ճանճերը սկսում են ակտիվանալ։
«Պետք է պայքարել ճանճերի դեմ, հետեւել աղբի եւ սննդամթերքի վարման գործընթացին։ Երբ սննդամթերքը պատրաստում ենք եւ թողնում ենք գազօջախին, իսկ երեկոյան գալիս եւ ուտում, ապա վտանգավոր է լինում, սենյակային ջերմաստիճանում եթե նույնիսկ մեկ հարուցիչ էլ լինի, դրանք բազմանում են»,- ասաց նա՝ խորհուրդ տալով չգնել կրեմային թխվածքներ, որոնք դրված չեն սառնարանում, աղցանների բաղկացուցիչները պահպանել առանձին-առանձին եւ մայոնեզ ավելացնել միայն մատուցելու ժամանակ։
Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ պետք է գնել պիտակավորված, ամսաթիվ ունեցող, ժամկետի մեջ գտնվող եւ պատշաճ սառնարայաին պայմաններում պահված սննդամթերք, որպեսզի խուսափել աղիքային հիվանդություններ ձեռք բերելուց։





























