Այս տարի աղիքային վարակիչ հիվանդությունների աճ,ինչպես նաեւ նվազում չի նկատվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։ Նա նշեց, որ հունիս ամսվա տվյալները դեռ ամփոփվում են, ավելի ուշ կկարողանան հրապարակել։
Ավետիսյանի խոսքով՝ ամեն տարի ամռանը նկատվում է աղիքային վարակիչ հիվանդությունների աճ, որը սեզոնային է։ Նա ասաց, որ այս տարվա ամառվա շոգը բացառիկ չէ, այնպիսին է, ինչպես ամեն տարի։
Լիլիթ Ավետիսյանը շոգ եղանակին խորհուրդ չի տալիս յուղոտ խորոված եւ խաշ ուտել, ցանկալի չէ նաեւ շատ սառը եւ տաք հեղուկներ օգտագործելը։ Ինչ վերաբերում է օդորակիչներին, ապա դրանք, նրա խոսքով, կարեւոր գործիք են ջերմաստիճանը պահպանելու համար։ Եթե օդորակիչի հնարավորություն չկա, ապա անպայման պետք է օդափոխել սենյակը բնական ճանապարհով։
Ամփոփելով՝ Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ սնվելուց առաջ պետք է անպայման լվացվել, ձեռքերի հիգիենան պահպանել, սնունդը լվանալ, առանձնակի ուշադրություն դարձնել երեխաների հիգիենային։ «Չի կարելի ձմերուկը դնել գետի մեջ եւ հետո բերել կտրել ու ուտել։ Շատ վտանգավոր է առանց լվանալու կտրելը, դանակով կարող է հարուցիչը թափանցել»,- ասաց նա։ Նա նաեւ կարեւորեց, որ բոլոր սննդամթերքները, որոնք հնարավոր է լվանալ, անպայման լվանալ, քաղաքից դուրս գնալիս եւս տանել լվացված բանջարեղեն, մրգեր։





























