Երեւանում մշտական բնակության վայր չունեցող անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագրի շրջանակում կազմակերպվել եւ անցկացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առողջական որոշակի խնդիրներ ունեցող անօթեւաններին, ըստ անհրաժեշտության, տրամադրվելու է դեղորայք, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձինք կտեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն` հետագա բուժումը շարունակելու:
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար` խնամքի տակ գտնվող անօթեւանները նշել են, որ տեւական ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով հնարավորություն չեն ունեցել այցելել բժշկի, կամ դեղորայք գնել:
Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ 2011 թվականի դեկտեմբերից Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրով պարբերաբար նմանօրինակ առողջապահական միջոցառումներ են կազմակերպվել:
Նա նաեւ նշել է, որ մինչ օրս կացարան է տեղափոխվել 188 անօթեւան: Քայլեր են ձեռնարկվել նաեւ անօթեւանների զբաղվածության հարցի լուծման եւ աշխատանքի տեղավորման ուղղությամբ: Ըստ այդմ, 30 շահառու, աշխատանք գտնելով, անցել է ինքնուրույն է կյանքի: Սոցիալ-հոգեբանական աշխատանքների շնորհիվ 38-ը վերադարձել է ընտանիք, 8 հոգի էլ, ժամանակավոր կացարանում նոր ընտանիք կազմելով, տեղափոխվել են վարձակալած բնակարաններ, եւս 6-ը՝ մասնագիտացված տուն-ինտերնատ: ՀՀ մարզերից եկած եւ ՌԴ քաղաքացիություն ունեցող 13 անօթեւան էլ վերադարձել են իրենց բնակավայր: Այժմ կացարանում բնակվում է 44 շահառու:
Երեւանի քաղաքապետարանի եւ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում լուծվել են անօթեւանների ոչ միայն կացարանի, այլեւ սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման հարցերը:





























