Սարուխան գյուղում տեղի ունեցած դեպքի հետեւանքով Գավառի բժշկական կենտրոն տեղափոխված 8 կանանցից  6-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ տուժած կանանցից 3-ին վիրահատել են, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Վիրահատվածներից մեկն արդեն դուրս է գրվել, իսկ երկուսը դեռ հիվանդանոցում են: Աշոտ  Կարապետյանն ասաց, որ նրանք նաեւ այրվածքներ են ստացել, հավանաբար առաջիկա օրերին դուրս կգրվեն հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարուխանի բնակիչները հավաքվել էին մասնակցելու համագյուղացու «մահվան 7 օրի» արարողությանը, սակայն տան պատշգամբը փլուզվել է եւ 10 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը:

Գյուղապետի ներկայացմամբ՝ պատշգամբում գտնվողներն ընկել են ներքեւում կրակի վրա եռացող քուֆթայով լի կաթսայի վրա: Կաթսան շրջվել է եւ եռացող ջուրը լցվել է նրանց վրա:

Նրանք բոլորը տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն: