Եգիպտական հանրության երկու կողմերն էլ վճռականորեն են տրամադրված` ներկայիս ներքաղաքական իրավիճակի հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«Իշխանությունները` նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ եւ իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» շարժման ղեկավարությամբ պնդում են, որ երբեք չեն վերադառանա մինչեւ 2011թ. հունվարը եղած իրավիճակին, երբ իշխանության փոփոխություն տեղի ունեցավ»,-նշեց Արմեն Պետրոսյանը` ավելացնելով, որ դրանից հետո երկրում նկատելի առաջընթաց է արձանագրվել` լեգիտիմության առումով:
Նրա խոսքով` անհրաժեշտ է ընդգծել Եգիպտոսի ներկայիս կառավարող ուժի կարեւոր դերը: ««Մահմեդական եղբայրները», որ ստեղծվել է 1920-ականների վերջին, երկար տարիների ընդհատակյա գործունեություն է վարել, ուստի միամիտ կլինի կարծել, որ իշխանության հասնելուց հետո քաղաքական այդ ուժը կզիջի այն»,-հայտարարեց արաբագետը` ընդգծելով, որ նախագահը երկրում նոր հեղաշրջում կփորձի թույլ չտալ, իսկ Եգիպտոսի իշխանություններն առայժմ փորձում են հանդես գալ սեփական մրցունակ ծրագրով:
Մյուս կողմից, ըստ Ա. Պետրոսյանի, Եգիպտոսում ընդդիմությունը նույնպես վճռական է տրամադրված` ի դեմս Ազգային փրկության ճակատի, հատկապես, որ նրանց աջակցում են նաեւ զինվորականները: «Ներկայիս պայմաններում երկու կողմերն էլ կորցնելու բան ունեն: Անհրաժեշտ է ընդգծել եւս մեկ հանգամանք. դա Եգիպտոսի տարածաշրջանային դերն է, եւ դրա հետ կապված` հակակառավարական շարժման խորացումը կանխելու արտաքին ուժերի փորձերը»,-հայտարարեց արաբագետը` նշելով, որ հնարավոր են լուրջ ճնշումներ ինչպես երկրի նախագահի, այնպես էլ բանակի վրա` քաղաքացիական պատերազմի բռնկում թույլ չտալու համար:





























