Եգիպտոսի հայ համայնքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի գրասենյակի ղեկավար Պերճ Թերզյանը` անդրադառնալով Եգիպտոսում բողոքի ակցիաներին:
Նրա խոսքով` Եգիպտոսում բռնկված հակակառավարական շարժումը հայ համայնքի անդամների համար ոչ մի սպառնալիք չի ստեղծել: «Հետեւաբար, Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան կողմից աջակցություն ցուցաբերելու որեւէ առիթ չի եղել»,-նշեց Պ. Թերզյանը: Նա նաեւ ավելացրեց, որ Եգիպտոսում հայ համայնքի անդամների թիվը հասնում է մոտ 7 հազարի, որից 5 հազարը` Կահիրում են, 2 հազարը` Ալեքսանդրիայում:
Նշենք, որ հուլիսի 3-ին Մուհամեդ Մուրսին պաշտոնանկ է արվել Եգիպտոսի նախագահի պաշտոնից: Պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է նախագահի արտահերթ ընտրությունների, նաեւ ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար է դարձել գերագույն սահմանադրական դատարանի նախագահը:





























