Բաղրամյանի վարչական շրջանում գտնվող Թալինի ջրանցքում  հուլիսի 3-ին խեղդված  14-ամյա Նարեկ Արթուրի Հովսեփյանը ընկերների հետ գնացել է լողանալու, սակայն ջուրը նրան քշել է: Ընկերները փորձել են օգնել, սակայն չի հաջողվել փրկել Նարեկի կյանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգինա գյուղի գյուղապետ Մուշեղ Գրիգորյանը:

Գյուղապետը նաեւ փոխանցեց, որ տվյալ ջրանցքում գրեթե ամեն տարի նմանատիպ դեպք է գրանցվում: «Դպրոցում էլ ենք բացատրական աշխատանքներ տանում, ծնողներն էլ, բայց ժամանակը ցույց է տալիս, որ արդյունք չկա»,- ասաց գյուղապետը: Մուշեղ Գրիգորյանից նաեւ տեղեկացանք, որ Նարեկ Հովսեփյանը ընտանիքի միակ տղան էր: Իրենից փոքր մեկ քույր ունի: Ծնողները գործազուրկ են: Իսկ Նարեկը սովորում էր Արմավիրի ռազմական քոլեջում եւ նպատակ ուներ լավ զինվորական դառնալ: «Արձակուրդներին եկել էր գյուղ: Շատ գերազանց, շնորքով երեխա էր»,- ափսոսանք հայտնեց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի վարչական շրջանում գտնվող Թալինի ջրանցքում  հուլիսի 3-ին դուրս է բերվել  14-ամյա Նարեկ Արթուրի Հովսեփյանի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության Արմավիրի բաժնից: Նախնական տեղեկություններով՝ նա ընկերների հետ գնացել է լողալու եւ խեղդվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նա Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչ է: